Մի քանի օր Երևանի վարչական շրջաններում օրվա տարբեր ժամերին ջրանջատումներ են լինում։ «Ինչո՞վ են պայմանավորված մայրաքաղաքում համատարած ջրանջատումները, որքան են շարունակվելու»` հարցին ի պատասխան՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Երևանում Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ IBRD ծրագրի շրջանակներում շինարարական կազմակերպություններն իրականացնում են ջրագծերի վերակառուցման և բաժանորդների անհատական միացումների փոխարինման աշխատանքներ, որի պատվիրատուն է ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն։
««Վեոլիա ջուր» ընկերությունը դրանց հետ չունի որևէ առնչություն: Սակայն տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են տարատեսակ տեխնիկական բնույթի խնդիրներ, որով պայմանավորված շինարարական կազմակերպությունները դիմում են «Վեոլիա ջրին»՝ ջրանջատման խնդրանքով: Ցավոք, դրանք երբեմն անխուսափելի են դառնում»,- նշված է ընկերության պատասխանում։ Ընկերությունից տեղեկացնում են, որ ինչպես ամեն տարի, այս անգամ ևս ամռան շոգերի հետ հանրապետության բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները: Ընկերությունը պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրել է ջրի արտադրությունը համակարգում, վերագործարկվել է նաև պահուստային «Արարատյան 3,4» հզոր պոմպակայանը, որով սովորաբար հուլիս-օգոստոսին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները: «Շաբաթ օրը համակարգում պահանջարկ-առաջարկը գրեթե կարգավորվել էր, երբ «Արարատյանում» տեղի ունեցավ խոշոր վթար: Շարքից դուրս եկան ոչ միայն պոմպերը, այլև մայրուղային ջրատարը, որով Երևանը ջուր է ստանում: Անմիջապես սկսվեցին վթարի պատճառների հայտնաբերման, նոր պոմպերի տեղադրման ու խողովակաշարի վթարների վերացման աշխատանքները: Մի կողմից արտակարգ շոգ եղանակ, մյուսից՝ ջրի մեծ սպառում, ինչը կտրուկ ավելացրեց ծանրաբեռնվածությունը պոմպերի վրա, ի վերջո հնամաշ, դեռ խորհրդային արտադրության սարքավորումներ, որոնք չդիմացան լարվածությանը»։ Ընկերությունից հայտնում են, որ Երևանում անմիջապես կտրուկ ընկել է ճնշումը:
Ներքաղաքային բաշխիչ ցանցի կարգաբերումով հնարավոր չի եղել ապահովել կայուն ջրամատակարարում. «Ջուրը պարզապես չէր բավականացնում: «Վեոլիա Ջուրը» անգամ ստիպված էր մյուս աղբյուրներից ստացվող ջուրը վերաբաշխել մայրաքաղաքով մեկ, որ ջրազրկված շրջաններում ապահովվի գոնե նվազագույն ջրամատակարարում: Իսկ մինչ այդ շուրջօրյա արտակարգ ռեժիմով պոմպակայանում ու ջրատարի վրա աշխատում էին ներգրավված մի քանի տասնյակ մասնագետներ ու մեծաքանակ շինարարական տեխնիկա:
Ներկայումս «Արարատյան 3,4» պոմպակայանը նորից գործում է: Այստեղից վերսկսվել է ջրի մատակարարումը Երևանին՝ վայրկյանում ավելի քան 500 լիտր քանակությամբ: Կա հավանականություն, որ արդեն այսօր, հուլիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքում կվերականգնվի ջրամատակարարման հայտարարված ռեժիմը»։